«Իսլամական պետությունը» սեփական լրատվական հարթակ է ստեղծում. Եվրոպոլ

23:23 • 03.05.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց սեփական լրատվական հարթակն են ստեղծում` խուսափելով իրենց քարոզչությանը խոչընդոտող անվտանգության միջոցառումներից:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրամիության ոստիկանական գործակալության` Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը Լոնդոնում կայացած անվտանգության հարցով համաժողովում: Նրա խոսքով` նորաստեղծ օնլայն հարթակը բացահայտվել է անցյալ շաբաթ իրականացրած հակածայրահեղական գործողության արդյունքում: 

ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» հրապարակած նյութերի նկատմամբ Եվրոպոլի կողմից համակարգված վերահսկիչ գործողությունների արդյունքում, որում ներգրավված են ամերիկացի, բելգիացի, հույն, լեհ և պորտուգալացի պաշտոնյաներ, ավելի քան 2000 ծայրահեղական նյութ է հայտնաբերվել 52 սոցիալական հարթակում: