Ասանժն իր ձերբակալության օրդերը չեղարկելու հարցով դիմել է Շվեդիայի իշխանություններին

14:57 • 03.05.17

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը նոր դիմում է ներկայացրել Շվեդիայի իշխանություններին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել բռնաբարության մեղադրանքների առնչությամբ տրամադրված ձերբակալության եվրոպական օրդերը։ Նա դա արել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտնել է, որ փորձելու է ձերբակալել նրան: Այդ մասին հայտարարել է Ասանժի փաստաբանը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:


45-ամյա ավստրալացին հերքում է Շվեդիայում իր դեմ 2010 թվականին ներկայացված մեղադրանքները, որոնց հետևանքով նա կարծում է, որ կարտահանձնվի Միացյալ Նահանգներին:


Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2012 թվականից ի վեր:


Ասանժի շվեդ փաստաբան Պեր Սամուելսոնը նշել է, որ նոր դիմումը ներկայացվել է այն պատճառով, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն ապրիլին հայտարարել է, որ Ասանժի ձերբակալությունն «առաջնահերթություն» է լինելու:


«Դա նշանակում է, որ մենք այժմ կարող ենք ցույց տալ, որ ԱՄՆ-ն ցանկանում է քայլեր ձեռնարկել… Այդ պատճառով մենք խնդրում ենք չեղարկել ձերբակալության օրդերը, որպեսզի Ջուլիան Ասանժը կարողանա մեկնել Էկվադոր և քաղաքական ապաստան ստանալ»,- ասել է Սամուելսոնը:


Նա նշել է, որ դիմումը ներկայացվել է չորեքշաբթի, և դատարանը որոշումը կհայտնի 2-3 շաբաթից:


Փաստաբանը նշել է, որ նախկինում Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է նման դիմումները՝ բացատրելով դա Միացյալ Նահանգներին Ասանժի արտահանձնման ցածր հավանականությամբ: Նա հավելել է, որ շվեդ դատախազները կկարողանան շարունակել իրենց հետաքննությունն անգամ այն բանից հետո, երբ Ասանժը մեկնի Էկվադոր: