Սիրիական ընդդիմությունը դադարեցրել է մասնակցությունն Աստանայի բանակցություններին
Սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունն Աստանայում բանակցությունների ժամանակ դեմարշ է արել՝ հայտարարելով խաղաղ կարգավորման ծրագրի քննարկմանն իր մասնակցությունը դադարեցնելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նիստերի դահլիճից հեռանալու գլխավոր պատճառն ընդդիմության ներկայացուցիչներն անվանել են սիրիական կառավարական զորքերի կողմից ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքների շարունակական ռմբակոծումները:
«Մենք հեռացանք խորհրդակցությունից, քանի որ անգամ այն պահին, երբ մենք նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ, Հոմսի և Դերաայի շրջակայքում ռազմական գործողությունները չեն դադարել, ինչպես նաև չի եղել հստակ օրակարգ»,- ասել է ընդդիմության պատվիրակության անդամ Ուսամա Աբու Զեյդը:
Բանակցությունների հարցերով սիրիական ընդդիմության բարձրագույն հանձնաժողովի խորհրդական Յախյա ալ-Արիդին հայտնել է, որ իրենց պատվիրակությունն ընդամենն ընդհատել է, այլ ոչ դադարեցրել բանակցություններին մասնակցությունը և կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ռազմական իրավիճակի կարգավորման դեպքում:
«Դա նշանակում է, որ երկխոսությունից մենք ամբողջովին չենք հրաժարվում»,- ասել է նա:
«Ամեն ինչ ընթանում է աշխատանքային կարգով: Վաղը՝ մայիսի 4-ին, հուսով եմ, ընդդիմությունը կմասնակցի բանակցություններին»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այդարբեկ Տումատովը:
Սիրիայի հարցով Աստանայում անցկացվող հանդիպումն արդեն չորրորդն է:










