Վենեսուելայում ԱՄՆ-ին մեղադրել են երկրի նկատմամբ ագրեսիվ ճնշման համար
ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Վենեսուելայի նկատմամբ գործադրվող ագրեսիվ ճնշման համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել է մարդու իրավունքների հարցերով Վենեսուելայի հանձնակատար Տարեկ Վիլյամ Սաաբը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ ամերիկացի սենատորների խումբն օրինագիծ է պատրաստել, որը նախատեսում է երկրում, նրանց կարծիքով, քաղաքական ճգնաժամի համար պատասխանատու վենեսուելացի մի շարք պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանում:
«Վենեսուելայի նկատմամբ մեղադրանքների և սպառնալիքների գլխավոր մեղադրյալն ԱՄՆ-ն է և նրանք, ովքեր հետևում են ԱՄՆ-ի քաղաքական ուղղությանը ինչպես Վենեսուելայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս»,- նշել է վենեսուելացի օմբուդսմենը:
Ավելի վաղ շաբաթներ շարունակվող ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Սահմանադիր ժողով հրավիրելու մասին: Համաձայն երկրի սահմանադրության՝ ժողովուրդն իր իշխանությունը կարող է իրականացնել Ազգային սահմանադիր ժողովի միջոցով, որը հրավիրվում է պետական կարգի փոփոխության, նոր կարգի ստեղծման և նոր սահմանադրություն կազմելու համար:
Մադուրոյի որոշումն առաջացրել է ընդդիմության կտրուկ քննադատությունը: Խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսը Մադուրոյի որոշումն անվանել է սահմանադրության խախտում և պետական հեղաշրջում, ինչպես նաև դիմադրության կոչ է արել:










