Փոխադարձ կռիվ եմ արել, բայց մարդ սպանելու միտում չեմ ունեցել. լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալները մեղադրանքը չեն ընդունում

15:31 • 03.05.17

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ու տուժող Սանասար Բադալյանը: Դատավարության կողմերը առարկություն չհայտնեցին առանց նրանց ներկայության դատական նիստը շարունակելու համար:

Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը, ինչից հետո դատարանը մեղադրանքի վերաբերյալ հարցեր տվեց ամբաստանյալներին:

Նրանց նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել.Արտաշես Չիչոյանը, ԽաչիկԿոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա.Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Արտաշես Չիչոյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.«Ես եղել եմ այդտեղ, փոխադարձ կռիվ եմ արել, բայց մարդ սպանելու միտում չեմ ունեցել: Մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Դատավորի հարցին,թե քաղհայց կա Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի և Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից, համաձայն որի՝ որպես հանցագործության պատճառված վնասի փոխհատուցում պահանջում են 30մլն դրամ, Արտաշես Չիչոյանն ընդունում է այն թե, ոչ, ամբաստանյալն ասաց.«Ընթացքում կհասկանամ, այս պահին դիրքորոշում չունեմ»:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ մեղադրանքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում.«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ցանկանում պատճառաբանել»:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանն ասաց, որ մեղադրանքը հասկանալի չէ.«Ես կապ չունեմ մեղադրանքի հետ, չգիտեմ որտեղից է վերցված: Ես Եղիշե Խաչատրյանին երկրորդ անգամ տեսել եմ, երբ վերադարձա դեպքի վայր, իսկ նկարագրված գործողություններին  ընդհանրապես ներկա չեմ եղել»:

Քաղհայցի վերաբերյալ Խաչիկ Կոսյանն ասաց, որ եթե ինքը հանցագործություն չի կատարել, իհարկե այն չի ընդունում:

Ամբաստանյալ Արթուր Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ ինքը որևէ առնչություն չունի դեպքի հետ.«Մեղադրանքը պարզ է, բայց ես որևէ առնչություն չունեմ դեպքի հետ, մեղադրանքը չեմ ընդունում»:

Քաղհայցի վերաբերյալ Արթուր Զաքարյանն ասաց, որ այն ևս չի ընդունում:

Ամբաստանյալ Յուրի Հակոբյանը ևս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը.«Մեղավոր չեմ, չեմ ճանաչում , կապ չունեմ: Ոչ Եղիշեին, ոչ Էմմային չեմ տեսել, դեպքի պահին էլ ես ուրիշ վայրում եմ եղել: Քաղհայցը նույնպես չեմ ընդունում»:

Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ամբաստանյալներից առնվազն երկուսը՝ Արտաշես Չիչոյանն ու Արարատ Նիկողոսյանը հայտարարել են, որ մեղադրանքի էությունն իրենց պարզ չէ, և մեղադրանքը պետք է պարզաբանվի: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց, որ մեղադրանքը հստակ չէ.« Մի հատ հասկանանք մեկն ով է, մյուսներն ովքեր են, որ մեկը մյուսին լրացնելով ինչ-որ գործողություն է կատարել»:

Դատարանը պատասխանեց, որ մեղադրանքը պարզաբանվել է այնքանով, որքանով կարող էր պարզաբանվել:

Այսօրվա դատական նիստին սահմանվեց նաև ապացույցների հետազոտման կարգը:

Նշենք, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի(խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:

Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը: