Գեղարքունիքում հոգեկան խնդիրներ ունեցող ամուսինը սպանել է կնոջը

16:19 • 08.05.17

 

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող տղամարդը բանալիներով հարվածներ հասցնելով, նախնական տվյալներով, սպանել է միջին տարիքի կնոջը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ծովասարի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը:

«Նման դեպք գրանցվել է: Ենթադրյալ սպանությունը կատարող անձը Ծովասար գյուղի բնակիչ է, այստեղ է ապրում, պարզապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի: Նշված անձը հոգեկան խնդիրներ ունի»,-ասաց Մխիթարյանը:

Հարցին, թե կինը նույնպե՞ս Ծովասարի բնակիչ էր, համայնքապետը դրական պատասխան տվեց. «Նա ևս մեր համայնքի բնակիչ էր, ապրում էր ընտանիքի անդամների հետ, և երկու չափահաս երեխա ուներ»: Համայնքապետը նաև հավելեց, որ տղամարդը մահացած կնոջ ամուսինն է եղել:

Համայնքապետի տեղեկություններով՝ անձը հաշվառված է եղել  հոգեբուժարանում և բուժում է ստացել: