Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում ևս մեկ ռազմաբազայի տեղակայման կարիք չունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

19:51 • 08.05.17

 

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելը մշտական գործընթաց է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին, որ Գյումրիում տեղակայված 102-րդ բազան կմոդեռնիզացվի: 

«Մոդեռնիզացիան, հնարավորությունների ընդլայնումը մշտական գործընթաց է, որը ուղեկցում է ցանկացած երկրի Զինված ուժերին»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման մասին: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել համագործակցության նոր ձևեր»:

Քաղաքագետը դժվարացավ ասել, թե ռազմական կոնկրետ որ ոլորտում կլինի ընդլայնում, որակական փոփոխություն, բայց նշեց, որ դա բնականոն գործընթաց է և բոլոր տարիներին էլ ընթացել է:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել Հայաստանում, կամ էլ ստեղծել ռուսական նոր ռազմաբազա, Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ երկրորդ ռազմաբազայի կարիքը չունեն ո՛չ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում: Հայաստանը բավական լուրջ հնարավորություններ է տվել Ռուսաստանին ու այն խնդիրները, որոնք Ռուսաստանը կարող է ունենալ այս տարածաշրջանում, դրանց լուծման համար մեկ ռազմաբազան բավարար է: Երկրորդ ռազմաբազայի մասին իսկապես զրույցներ կան, բայց արտաքինից չի երևում, թե ինչու են դրանք շրջանառվում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը միաժամանակ ասաց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան չի սպասարկում միայն ՌԴ շահը, այն ծառայում է Հայաստանի համար, լուծում է անվտանգության խնդիրները: «Նման ռազմաբազայի անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Եթե խոսենք մեր անվտանգության ապահովման մասին, ապա վստահ կարող եմ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն լիովին լուծում է մեր առջև ծառացած մարտահրավերները»,- հավելեց նա: