Երևանյան գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար. Պյոտր Սվիտալսկի
Մեզ համար ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում չափազանց կենսական գործընկեր էր. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ափսոսանք հայտնելով դրա փակման հետ կապված:
«Մենք միասին ֆինանսավորում էինք ծրագրեր, որոնք, կարծում եմ, շատ օգտակար էին»,- ասաց նա՝ նշելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին՝ ապացուցելով, թե որքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը մի երկրում:
Նա նշեց, որ հայկական կողմը ևս լավագույն օրինակը կարող է լինել՝ որպես ընդունող պետություն: Սվիտալսկին հիշատակեց, որ բազմաթիվ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դրական գնահատել այն:
Պյոտր Սվիտալսկին ևս մեկ անգամ նշեց, որ Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակը իրենց համար շատ նախընտրելի գործընկեր էր: «Մենք ծրագրեր մշակելիս նախևառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Կարող եմ հաստատել նաև, որ տեղական տեսանկյունից ԵԱՀԿ-ի փակումը մեծ կորուստ է լինելու»,- ասաց նա՝ նշելով, որ հույս ունի, որ այնուամենայնիվ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում,- որովհետև Հայաստանը դրա կարիքն ունի, ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի, քանի որ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար»:










