Հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների առաջնորդին բռնացրել են կոնֆետներ ուտելիս (տեսանյութ)

11:07 • 08.05.17

Իսրայելի բանտային իշխանությունները հրապարակել են տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է պաղեստինցի դատապարտյալների զանգվածային հացադուլի կազմակերպիչ Մարվան Բարգուտին գաղտնի տարատեսակ քաղցրավենիքներ ուտում:

Ինչպես նշում է ria.ru-ն, իսրայելական բանտերում գտնվող մոտ 1.500 պաղեստինցի անժամկետ հացադուլ է անցկացնում՝ պահանջելով բանտային պայմանների բարելավում:

Հացադուլի կազմակերպիչը պաղեստինյան «ՖԱԹՀ» շարժման առաջնորդներից մեկը համարվող Մարվան Բարգուտին է, որը դատապարտվել է 5 ցմահ ազատազրկման՝ հակահրեական ահաբեկչությունների կազմակերպման մեղադրանքով:

Նշվում է, որ հացադուլի մեկնարկից ի վեր տեսահսկման խցիկները Բարգուտիին 2 անգամ ֆիքսել են թաքուն թխվածքաբլիթ ու քաղցրավենիք ուտելիս:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը գաղտնի հանում սնունդը, շուրջը նայում և, համոզվելով, որ իրեն ոչ մեկը չի տեսնում, սկսում է ուտել քաղցրավենիքը:

Այնուհանդերձ՝ հայտնի չէ, թե Բարգուտին ինչ ճանապարհով է ստացել քաղցրավենիքները:


Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ պաղեստինցի առաջնորդը դատապարտյալների հացադուլն օգտագործում է սեփական քաղաքական շահերից ելնելով: