Մակրոնը Նապոլեոնի ժամանակներից ի վեր Ֆրանսիայի ամենաերիտասարդ ղեկավարն է. Reuters-ի անդրադարձը

11:57 • 08.05.17

Ֆրանսիայում մայիսի 7-ին կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենի հետ մրցապայքարում հաղթել է «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը՝ նկատելով, որ 39-ամյա ղեկավարը Նապոլեոնի ժամանակներից ի վեր Ֆրանսիայի ամենաերիտասարդ առաջնորդն է:

Աղբյուրը հավելում է, որ կենտրոնամետ Մակրոնը նախագահի պաշտոնում է ընտրվել իր 40-ամյակից մի քանի ամիս առաջ:

Reuters-ի կարծիքով՝ Մակրոնի ընտրվելը խոստանում է արմատական փոփոխություններ Ֆրանսիայի քաղաքական կյանքում, որտեղ տարիներ շարունակ իշխում են միևնույն դեմքերը:

«Շատերը համարում են, որ Մակրոնի տպավորիչ հաղթանակը պայմանավորված էր նրանից ճառագող լավատեսությամբ, որի կարիքը ֆրանսիացիներն այժմ այնքան շատ ունեն: Նրա ամբողջ քարոզարշավը նման էր խմբակային թերապիայի, որն ուղղված էր ֆրանսիացիներին լավատես դարձնելուն»,-գրում է գործակալությունը:

Reuters-ն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Մակրոնը, հեռացող նախագահ Ֆրանուսա Օլանդի սոցիալիստական կառավարության օրոք պետական բարձր պաշտոն զբաղեցնելով հանդերձ, խոստացել է ցնցել այն համակարգը, որտեղից եկել է: