Արմավիրի մարզում 29-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել

20:28 • 08.05.17

Tert.am-ի տեղեկություններով Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում մոտ 30 տարեկան քաղաքացին ինքնասպանություն է գործել:

Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Մայիսի 7-ին հաղորդել են, որ Ծաղկալանջ համայնքում սեփական տանը` բակի նախամուտքից երկաթե ձողից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1988 թվականին ծնված քաղաքացին»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Ծաղկալանջի համայնքապետ Մանվել Մկրտչյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործած անձը համայնքի բնակիչ է եղել, իսկ թե ինչո՞ւ է նման քայլի դիմել, հայտնի չէ:

«Նա ամուսնացած էր, ընտանիքի հետ էր ապրում, իր խնամքին էլ ուներ մեկ տարեկան աղջիկ երեխա: Խելոք, աշխատող տղա էր»,-ասաց համայնքապետը: