Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել երկրի տարածքում. Վիգեն Սարգսյան

12:32 • 08.05.17

Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ռուսական նոր ռազմաբազաներ բացել, բայց պատրաստվում է արդիականացնել Գյումրիում տեղակայված ռուսական բազան: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում:


«Այս պահին Հայաստանում այլ երկրների բազաների բացման մասին քննարկումներ չեն տարվում: Մենք չունենք նաև նման դիմում ռուսական կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:


Նա նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ բազան «մեծ նշանակություն» ունի:


«Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման մասին: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել համագործակցության նոր ձևեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է:


«Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի զինված ուժերի ուժեղացմանը: Այս պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,- հավելել է նա:


Նախարարը նաև հայտնել է, որ ապրիլին Մոսկվայում, որտեղ նա մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով համաժողովի, հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ:


«Մենք անցկացրել ենք հայ-ռուսական արդյունաբերական համաժողով: Մենք ներկայացրել ենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտից մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան առանց միջնորդների պայմանավորվել համատեղ գործունեության մասին»,- ասել է նա: