Բաքվում Անկարայի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Մոսկվայի համար. Վիգեն Սարգսյան

13:04 • 08.05.17

Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, Ադրբեջանում ռազմաքաղաքական ակտիվ գործունեություն է զարգացնում՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է lenta.ru-ն:


«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ երկխոսության զարգացման շատ դրական ժամանակահատվածում է: Բայց ես ամեն դեպքում չէի անտեսի նման լուրջ վտանգը»,- նշել է նա:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Անկարան նաև «բացասական դեր է խաղում Ղարաբաղյան հարցում՝ բացահայտ աջակցելով Բաքվին և՛ քաղաքական, և՛ սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»:


«Դա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում, որովհետև տեղի է ունենում Դաղստանի սահմանների մոտակայքում»,- հավելել է Վիգեն Սարգսյանը: