Միանգամայն բնական է, որ մենք առաջին հերթին ընտրություն ենք անում ռուս արտադրողների օգտին. Վիգեն Սարգսյանը զենքի գնման մասին

14:24 • 08.05.17

Սպառազինությունների շուկայում Հայաստանի համար շատ հարմարավետ է աշխատել ռուս մատակարարների հետ, այնուամենայնիվ, կան տարբեր առաջարկներ, որոնց համար Հայաստանը միշտ բաց է: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


«Սպառազինությունների շուկան շատ դինամիկ է: Իհարկե, միշտ պետք է հնարավորություններ փնտրել պետական բյուջեի բոլոր միջոցների առավել արդյունավետ օգտագործման համար: Մեզ համար շատ հարմարավետ է աշխատել ռուս մատակարարների հետ: Մենք համաձայնագիր ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով գնումների հնարավորության վերաբերյալ, ունենք այստեղ՝ Ռուսաստանում ռազմական նշանակության արտադրանքի արտադրողների հետ առանց միջնորդների աշխատելու հնարավորություն: Այդ պատճառով միանգամայն բնական է, որ մենք առաջին հերթին ընտրություն ենք անում ռուս արտադրողների օգտին: Բայց, ինչպես մենք բոլորս լավ հասկանում ենք, կա արագ զարգացող ոլորտ, տարբեր առաջարկներ, որոնց համար մենք միշտ բաց ենք»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ ամեն դեպքում ռուս գործընկերներից և ընկերներից «գաղտնիքներ չունենք»:

«Նրանք միշտ լավ տեղեկացված են մեր ծրագրերի և մեր ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին»,- ասել է նա:


Նախարարը նշել է, որ Հայաստանում հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին զենքի մատակարարումների թեմային, հատկապես երբ նման զենքը կիրառվում է հակամարտության սրման դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին:


«Նման սպառազինության կիրառումը բնականաբար Հայաստանում շատ լուրջ հույզեր է առաջացնում՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ մեր ժողովրդի հատուկ վերաբերմունքը: Մենք Ռուսաստանի հետ իսկապես դաշնակիցներ ենք: Այդ մասին գիտեն բոլորը: Եվ եթե ռուսական զենքը դիսբալանսի հետևանքով դառնա հակամարտությունում ռիսկի գործոն, ես կարծում եմ՝ դա նախևառաջ ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»,- ասել է Վիգեն Սարգսյանը: