Վերջին 6 տարիներին կենդանիների թիվը նվազել է, և դա լավ է. Կենդանաբանական այգու տնօրեն (տեսանյութ)

19:50 • 09.06.17

 

Վերջին 6 տարիներին կենդանիների թիվը գնացել է նվազման և դա լավ է: Երբևիցե չի կարելի կենդանաբանական այգու աշխատանքի չափորոշիչ դարձնել կենդանիների քանակը և տեսակների բազմությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի վերջին հրապարակումներին:

«Կենդանիների քանակով կենդանաբանական այգու աշխատանքի գնահատումը շատ սխալ և հին մոտեցում է: Պետք է չափորոշիչ դառնա, թե ինչպես են պահվում կենդանիները, ինչ ձևով են ցուցադրվում և ինչ պայմաններ են ստեղծված կենդանիների համար»,- նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնա­կան տվյալներով՝ 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ 2016 թ.-ին Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 143 տեսա­կի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854:

Ռուբեն Խաչատրյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարումից՝ 2011 թ. ի վեր կենդանաբանական այգու ոչ մի գիշատիչ կենդանի չի վաճառվել:

«Դա վերաբերում է այն կենդանիներին, որոնք ժամանակին ներառվել են ընդհանուր կենդանիների հետ: Դրանք բթվող, կերակրվող կենդանիներն են եղել՝ ճագարները, ծովախոզուկները, մկները, որոնք մեր ներքին սպառման համար են: Այդ տվյալները խառնված ներկայացվել են արդեն ցուցադրվող կենդանիների հետ և մատուցվել է վիճակագրական ծառայությանը, որը մեկ թվով ուղղակի դրել է, որ 2010 թ. 2800 կենդանի է եղել»,- ասաց նա:

Խաչատրյանի տեղեկացմամբ՝ 2010 թ.-ին կենդանաբանական այգին ունեցել է ցուցադրվող 1200 կենդանի, 124 տեսակ: Բացի դրանից՝ 2010 թ. կենդանիների ընդհանուր կոլեկցիան եղել է շատ ծերացած և հիվանդ: Կենդանաբանական այգու տնօրենը կենդանիների քանակի նվազման մեկ այլ պատճառ էլ է նշում.

«Պարզվեց, որ տարիների ընթացքում, մասնավորապես՝ ձկնատեսակները, սողունները, ինչ-ինչ պատճառներով անկել են 2010 թ. և դրանից առաջ, բայց դուրս չեն գրվել, քանի որ քանակի և բյուջեի համեմատությամբ խնդիր են ունեցել: Այսօր այդ խնդիրը չկա: Երբեք կենդանիների քանակը չի կարող կախված լինել բյուջեի չափից, և դրա համար այժմ առավելապես ճշտված տվյալներ են տրվում»,- հայտնեց Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կենդանաբանական այգում այժմ վերակառուցման աշխատանքներ են  ընթանում և այն գործում է կիսով չափ: Կենդանաբանական այգու ընդհանուր տարածքը շուրջ 40 հա է, բայց այժմ զբաղեցված է շուրջ 16 հա: Քաղաքապետարանի ներդրումների շնորհիվ իրականացվող աշխատանքներից հետո այգին կմեծանա ևս 10 տոկոսով՝ դառնալով 20 հա:

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին, որից հետո հանրությանը կներկայացվի առյուծների ազատավանդակը և Կարանտին կենտրոնը, ինչպես նաև արջերի և գայլերի ընդհանուր ազատավանդակ, որը առաջին փորձն է:

Հարցին, թե բողոքներ չե՞ն լինում հաճախորդների կողմից, որ այգու մեծ մասը չի գործում, Խաչատրյանը պատասխանեց. «Ձայնարկիչ է անընդհատ միացված է և տոմսարկղի երկու կողքին երեք լեզուներով գրված է, թե ինչու է փակ, բայց նորից բողոքներ լինում են»:


Մանրամասները՝ տեսանյութում: