Դեռ խորհրդային ժամանակներից՝ Նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված անձինք վարորդական իրավունք չեն ստանում. Պետրոս Սեմերջյան
ՀՀ նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ նարկոդիսպանսերում հաշվառված անձինք լիցենզիա չեն ստանում:
«Ես ոչ թե կարծում եմ, այլ փաստում եմ, որ նարկոդիսպանսերում հաշվառված մարդկանց ցուցակները պետավտոտեսչությունում կան, և նրանց վարորդական իրավունք չեն տալիս: Դա նոր բան չի, դա միշտ այդպես է եղել, դեռ կոմունիստների ժամանակներից սկսված նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված անձինք չեն ստանում վարորդական իրավունք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երբ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություններ մատուցող տաքսիստներին՝ ասելով, որ նրանք «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տանում, Երևանյան լիճը Սևանա լճի փոխարեն ցույց են տալիս, ոստիկանապետին հանձնարարեց լիցենզավորման գործընթացի հսկողությունը, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ամենօրյա աշխատանքով փորձում են կարգավորել դաշտը, բայց միշտ չէ, որ ստացվում է:
«Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց լիցենզիա տալը, մենք մաքրում ենք, բայց էլի լիցենզիաներ են տրվում»,- ասաց ոստիկանապետը:
Պետրոս Սեմերջյանը նշեց, թե չի պատրաստվում լրացուցիչ մեկնաբանել՝ ինչու էր ոստիկանապետն ասում՝ «մենք չենք կարողանում հասնել նրան, որ նարկոդիսպանսերներում հաշվառված անձինք չստանան նման իրավունք»: Սեմերջյանը միայն նշեց. «Ես ասում եմ իմ մասով ու չեմ կարող ոչ մեկի ասածը մեկնաբանել»:
Նշենք, որ նախորդ տարի՝ Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառման հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ բարձրաձայնվեց այն մասին, որ օրենսդրական բացեր կան՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, թմրամոլներին վարորդական վկայականների տրման, հետագայում դրանց փոփոխության հետ կապված:
Հիմնական խնդիրն այն է, որ վարորդական իրավունքի վկայականը տրվում է 10 տարի ժամկետով, և, եթե դրանից կես տարի կամ մեկ տարի հետո անձը հաշվառվում է՝ որպես թմրամոլ կամ հոգեկան հիվանդ, ապա մնացած 9 կամ 9.5 տարիների ընթացքում նա ունենում է վարորդական վկայական:
Հանրային լսումների ժամանակ, Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության այլևս նախկին պետ Արմեն Հակոբյանը հայտարարեց, որ անցած տարվա տվյալներով հայտնաբերվել էր 153 անձ, որ վարորդական իրավունք ստանալուց հետո հաշվառվել էր՝ որպես հոգեկան հիվանդ կամ թմրամոլ:
Tert.am-ը զրուցեց նաև հոգեբույժ, նախկինում հանրապետության գլխավոր հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ՝ ստանալու նրա մասնագիտական կարծիքը հարցի շուրջ, թե հոգեկան հիվանդները կարո՞ղ են և կամ պե՞տք է վարեն մեքենա:
Ըստ Հարություն Մինասյանի՝ ներկայումս հոգեկան հիվանդները մեքենա վարելու իրավունք ունեն՝ ի տարբերություն նախկինի:
«Բայց թույլատրվում է սեփական մեքենան վարել, այսինքն՝ սիրողական մակարդակով, այսինքն՝ կարող է քշել իր անձնական մեքենան, բայց ոչ մասնագիտական. ոչ տաքսիներ, ավտոբուսներ վարել: Սովետական տարիներին հոգեկան հիվանդներին արգելվում էր մեքենա վարելը, բայց վերջին տարիներին ինչ-որ դեմոկրատացման հովերի տակ որոշ սահմանափակումներ հանվեցին: Եվ որոշ հիվանդների թույլատրվեց այդ լյուբիտելսկին»,-ասաց Հարություն Մինասյանը:
Որպես մասնագետ՝ նա միանշանակ այն կարծիքին է, որ հոգեկան հիվանդը չպետք է վարի ավտոմեքենա:
«Բա, եթե հոգեկան հիվանդը մեքենա է քշում, դա զենք ա: Օրինակ՝ մտեք համացանց և գրեք ռուսերենով էպիլեպսիա, վարորդ: Կտեսնեք, թե Ռուսաստանում ինչքան ՃՏՊ-ներ են լինում էպիլեպսիկների պատճառով»,-ասաց հոգեբույժը:










