Մեծ Բրիտանիայում 106-ամյա բնակչուհուն թույլ չեն տվել մասնակցել խորհրդարանական ընտրություններին

16:37 • 09.06.17

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 106-ամյա Էմի Ուինիֆրեդ Հոքինսին թույլ չեն տվել մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Հոքինսին թույլ չեն տվել անցնել ընտրատեղամաս այն պատճառով, որ նրա անունը չի եղել ցուցակներում:

«Ես ծնվել եմ 1911 թվականին, ականատես եղել երկու համաշխարհային պատերազմների, կանանց ընտրական իրավունքի և բոլորի կենսաթոշակի համար պայքարի, տեսել եմ հանքափորների գործադուլը: Եվ այսօր նրանք ինձ թույլ չեն տալիս քվեարկել», - մեջբերում է աղբյուրը Հոքինսի խոսքը:

Նշվում է, որ Հոքինսների ընտանիքին զայրացրել է միջադեպը. նրանք հայտնել են, որ տարվա սկզբին կինը եղել է ընտրողների ցուցակում:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: 

Մեծ Բրիտանիայում կայացած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Պահպանողական կուսակցությունը Համայնքների պալատում կստանա 306 տեղ, լեյբորիստները՝ 258, լիբերալ-դեմոկրատները՝ 12, շոտլանդացի ազգայնականները՝ 34, մյուս կուսակցությունները՝ 21, ինչը նշանակում է, որ պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից: