«Կեղծ ԶԼՄ-ներից» հոգնած բրիտանացիները սկսել են այրել թերթերը (լուսանկարներ)
ԶԼՄ-ների «զառանցանքին և ստին» դեմ արտահայտվող բրիտանացիները սկսել են վառել և թափել Daily Mail, The Sun և Daily Express թերթերի հրատարակությունները: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:
Աղբյուրի հաղրոդմամբ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների զայրույթն առաջացրել է լրագրողների քննադատությունը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինի հասցեին. The Sun-ի շապիկին քաղաքական գործիչը պատկերվել է աղբամանի մեջ նստած, ինչպես նաև՝ պահպանողականների պաշտպանությանն ուղղված քարոզարշավը:
Նշվում է, որ բրիտանացի սցենարիստ Ջոն Նիվենը եղել է առաջիններից մեկը, ով թերթերի մի քանի հրատարակություն է ձեռք բերել և ցուցադրաբար վառել դրանք:
«Այսօր առավոտյան The Sun և Daily Mail թերթերի տրցակի հետ բոցավառեցի բրիտանական ոգին», - գրել է նա:
Նշվում է, որ մի շարք բրիտանացիներ հետևել են Նիվենի օրինակին. նրանք սկսել են թերթեր գնել և հրկիզել կամ նետել դրանք աղբամանները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Մեծ Բրիտանիայում կայացած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Պահպանողական կուսակցությունը Համայնքների պալատում կստանա 306 տեղ, լեյբորիստները՝ 258, լիբերալ-դեմոկրատները՝ 12, շոտլանդացի ազգայնականները՝ 34, մյուս կուսակցությունները՝ 21, ինչը նշանակում է, որ պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից:















