ԻՊ-ը հայտնել է Պակիստանում առևանգված չինացի զույգի սպանության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պնդում են, որ սպանել են Չինաստանի երկու քաղաքացու՝ երիտասարդ տղայի և աղջկա, որոնց առևանգել էին Պակիստանում և պահում էին որպես պատանդ:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, Չինաստանի ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղեկությունը ճշտվում է:
Չինացի զույգը Պակիստանի Քվեթթա քաղաք էր ժամանել ուրդու լեզվի ուսուցման նպատակով, մայիսի 24-ին նրանք առևանգվել էին անհայտ տղամարդկանց խմբի կողմից: Եվս մեկ չինուհու հաջողվել էր փախուստ կատարել և փրկվել:
Դեռևս հունիսի 4-ին պակիստանյան անվտանգության ուժերը հատուկ գործողություն էին ձեռնարկել զույգին գտնելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Առևանգման ժամանակ ու դրան հաջորդող օրերին որևէ ահաբեկչական խմբավորում չէր ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:










