Ռաքքայում արդեն հաջողվել է ազատագրել մեկ թաղամաս. լրատվամիջոցներ
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրման շրջանակում արդեն հաջողվել է ԻՊ-ի գրոհայիններից մաքրել մեկ թաղամաս, այս մասին գրում է demokrathaber.org կայքի՝ տեղում աշխատող թղթակիցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատարներից Սթիվ Թաունսենդը, խոսելով սիրիական Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրման գործողության մասին, նշել է, որ ռազմական գործողությունը կլինի երկարատև ու ոչ դյուրին, սակայն ի վերջո մեծ վնաս կհասցնի ԻՊ-ին:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:










