Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է կոալիցիոն կառավարություն ձևավորել

16:34 • 09.06.17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է թագուհի Էլիզաբեթ II-ի մոտ ընդունելությունից հետո, գրում է BBC-ն:


Մեյը նաև հայտնել է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին՝ նախատեսվածի պես:


«Այժմ ես կձևավորեմ կառավարություն, որը կարող է ապահովել որոշակիություն, առաջ տանել Մեծ Բրիտանիան: Այդ կառավարությունը երկիրն առաջ կտանի Brexit-ի վերաբերյալ բանակցությունների չափազանց կարևոր փուլով, որոնք կսկսվեն ընդամենը տասն օրից»,- ասել է Մեյը:


Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: 

Մեծ Բրիտանիայում կայացած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Պահպանողական կուսակցությունը Համայնքների պալատում կստանա 306 տեղ, լեյբորիստները՝ 258, լիբերալ-դեմոկրատները՝ 12, շոտլանդացի ազգայնականները՝ 34, մյուս կուսակցությունները՝ 21, ինչը նշանակում է, որ պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից: