Բյուջեում այդքան գումար չկա, որ փոխհատուցեն ցրտահարության, կարկտահարության վնասը. Իգնատի Առաքելյան
Այսօր բացված գյուղատնտեսական շուկայում ֆերմերները Tert.am-ի հետ զրույցում ահազանգեցին, որ իրենց բերքի որոշ հատվածը ցրտահարությունն ու կարկտահարությունը վնասել է: Սակայն նրանք նշեցին, որ նախարարություն կողմից փոխհատուցում չեն ստացել:
Խնդիր հետ կապված Tert.am-ը զրուցեց նաև Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ: Նա համաձայնեց, որ նախարարությունը շատ անգամ չի կարողանում վնասը փոխհատուցել: Նախարարը պատճառաբանեց, որ, ցավոք սրտի, բյուջեում այդքան գումար չկա:
«Ցրտահարության և կարկտահարության դեմ այսօր ծրագիր չկա, զուտ հաշվառում են անում: Այս պահին ծավալներն ու քանակն այնքան բարձր է, որ այդ գումարը բյուջեում չկա, որ մենք կարողանանք փոխհատուցել: Մտածում ենք ծրագրեր, որ հետագայում կարողանանք փոխհատուցել՝ ապահովագրություն կանենք, կարկտային ցանցեր, կայաններ կառուցեն: Այս ծրագրերով հետագայում կկարողանանք մեղմել վնասները»,- պարզաբանեց Առաքելյանը:
Նախարարը գտնում է, որ այս պահին միայն կարող են ծրագրեր մշակել՝ հետագայում վտանգները կանխարգելելու համար:










