ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի սկանդալային ելույթը Սենատում ուղիղ հեռարձակմամբ դիտել է մոտ 20 մլն մարդ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի գործով Սենատում 3 ժամանոց վկայությունների ելույթն ուղիղ հեռարձակմամբ դիտել է 19.5 մլն ամերիկացի, հայտնում է Nielsen մարքեթինգային ընկերությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ելույթը, որի ժամանակ Կոմին հանդես է եկել մի շարք սկանդալային հայտարարություններով ու Թրամփին սուտասան անվանել, հեռարձակվել է ամերիկյան առաջատար հեռուստաալիքների (ABC, CBS, NBC, Fox, CNN, MSNBC) կողմից:
Հայտնի է, որ սա Կոմիի՝ մայիսի 9-ին նախագահի որոշմամբ պաշտոնից հեռացվելուց ի վեր առաջին ելույթն էր Սենատում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կոմին, որին Թրամփը մայիսի 9-ին պաշտոնից հեռացրել էր վատ աշխատելու պատճառաբանությամբ, ասել է, որ իրեն աշխատանքից հեռացնելու իրական պատճառը Թրամփ-Ռուսաստան հնարավոր կապի վերաբերյալ իր վարած հետաքննությունն էր:
Կոմիի վկայության կարևորագույն մասերից մեկի համաձայն՝ Թրամփը նրան կարգադրել էր փակել հետաքննությունը՝ նշելով, որ այն իր համար հավելյալ խնդիրներ է ստեղծում:
Կոմիի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը ստել է ու իրեն միտումնավոր վատաբանել՝ փորձելով, այդպիսով, արդարացնել պաշտոնից իր հեռացումը:
ՀԴԲ նախկին տնօրենը նաև մանրամասնել է, որ Թրամփի հետ ունեցած հանդիպումներից յուրաքանչյուրը ձայնագրել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ նախագահը կարող է իրենց միջև խոսացածն աղավաղված ներկայացնել:
Կոմին վկայությունը եզրափակել է՝ նշելով, որ Թրամփի հետ ունեցած մի քանի հանդիպումներից հետո իր մոտ այն զգացողությունն էր, որ ԱՄՆ նախագահն իրեն նույն պաշտոնում պահելու համար ինչ-որ բան էր ակնկալում՝ հավանաբար սկանդալային հետաքննությանը վերջ տալը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մարկ Կասովիչը հերքել է ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի հայտարարություններն առ այն, որ Թրամփն իբր խնդրել է դադարեցնել հետաքննությունը:










