Եվրասիական երկրներում հայկական ապրանքը ճանաչում են սիրում են, սպասում են . Իգնատի Առաքելյան

13:56 • 10.06.17

Արտահանման հետ կապված խնդիրներ չկան: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով՝ արտահանումը շատ լավ է ընթանում, պահանջարկն էլ՝ մեծ է:

 

«Եվրասիական երկրներում հայկական ապրանքը ճանաչում են սիրում են, սպասում են: Նրանք պարզապես զարմանում են, թե ինչո՞ւ է քիչ: Մեր արտահանողն այնտեղ այլ երկրների ցանցերի հետ աշխատելու խնդիր ունի: Թեպետ այս մասով էլ  ծրագիր ունենք մշակված, այս պահին քննարկում ենք մասնավորի հետ, երբ ծրագիրն ավարտուն տեսքի բերնենք, կտեղեկացնենք»,- ասաց Առաքելյանը:

 

Նախարարն, արձագանքելով դիտարկմանը, թե այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր այդքան ապրանք արտահանել, ինչը որոշ փորձագետների գնահատմամբ նշանակում է, որ թուրքական ապրանքն է արտահանվում հայկական պիտակներով, ասաց. «Շատ բան են ասում: Իրականում ՌԴ-ից էլ եկել են ուսումնասիրել տվյալները, հաշվել ու հասկացել, որ մենք հաստատ ունենք այդ հնարավորությունները՝ նման քանակ արտադրելու ու արտահանելու»:

 

Իգնատի Առաքելյանը շեշտեց, որ  ապրանքի խնդիր չկա, պարզապես պետք է հնարավորին ամեն բան կոնսոլիդացնել և ավելի մեծ քանակով արտահանել: Tert.am-ի հարցին՝ հնարավոր է, որ գյուղոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների բացակայությունը մեզ թույլ չի տալիս մտնել ավելի մեծ շուկաներ, պատասխանեց.« Աճեցման մեջ նոր տեխնոլոգիաներ են հարկավոր: Մենք ծրագիր ենք ներկայացրել կառավարությանը՝ կաթիլային համակարգի ներդրման համար, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը, իսկ բերքատվության  քանակը և որակը  կբարձրացնի:  Սկսել ենք ծրագրեր գյուղտեխնիկայի հետ կապված , ինչը թույլ կտա բերքատվությունը բարձրացնել: Դրանից հետո նոր գալիս է սերմի որակը»:

 

Վերջինս անդրադարձավ նաև Արմավիր մարզի գյուղատնտեսների ահազանգին, ըստ որի, գործարարները նոր պայմանագրեր չեն կնքում իրենց հետ՝ 30-ից միայն 7 են վերահաստատել պայմանագրերը: Առաքելյանը նկատեց, որ պայմանագրային փուլը կարող է երկար տևել՝ հասնելով ընդհուպ մինչև մթերում.« Պետք է հասկանանք, որ ամեն գործարան պլանավորում է իր աշխատանքը, իսկ մենք նախատեսում ենք հանդիպում կազմակերպել և՛մթերող ընկերությունների, և՛ խաղող արտադրողների հետ: Այս հանդիպմանը կքննարկեն բոլոր խնդիրները: Այժմ մենք քննարկում ենք բերքատվությունը, քանի որ այս պահին նոր հնարավորություն կա նախնական գնահատական տալու: Բնական է, որ  մենք իրենց կդիմենք, կխնդրենք, որ կրկին կնքեն պայմանագրերը»,- շարունակեց Առաքելյանը:

 

Գյուղատնտեսության նախարարը չի բացառում, որ այս տարի կարող են խնդիրներ առաջանալ խաղողի հետ: Նրա դիտարկմամբ ՝ գները կբարձրանան, մասնավորապես գինու համար նախատեսված տեսակներինը, ինչը կապված է բերքի սակավության և պահանջարկի ավելացման հետ:

 

Tert.am-ի հարցին՝ գոնե եկող տարի հնարավո՞ր է, որ մեր գյուղատնտեսական ապրանքերի համար նոր շուկաներ բացվեն, Առաքելյանը պատասխանեց. «Նոր շուկաների հետ կապված քննարկումներ միշտ կան, բայց այդ շուկաները մեծ քանակություն են պահանջում: Այսօր մենք պատրաստ չենք այդքան պատրաստել ու արտահանել, իսկ փոքր քանակը նոր շուկաների համար հետաքրքիր չէ: Չեմ կարծում, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում նոր շուկաներ բացենք մեզ համար, միգուցե միայն Արաբական էմիրություններում, սակայն կրկին ջերմոցային ապրանքներ՝ ելակ, հատապտուղ և այլն»:

 

Իգնատի Առաքելյանը  շեշտեց, որ մեծ շուկաներ աղտահանելու ժամանակ լավ որակ է պետք՝ բերքը պետք է լինի մեկ չափի ու նույն որակի, ինչը ՀՀ-ն չի կարողանում ապահովել:

 

 

 

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան