Քննարկվել է Ջերմուկն ավելի բարեկարգ և գրավիչ զբոսավայր դարձնելու հարցը
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ շրջել առողջարանային քաղաքի տարբեր հատվածներում, ապա՝ խորհրդակցություն անցկացրել քաղաքի պատասխանատուների հետ՝ քննարկելով առաջիկայում Ջերմուկում իրականացվելիք լայնամասշտաբ բարեկարգման ծրագրերը: Դրանց զգալի մասը դեռևս անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք գործողությունների համատեքստում են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում դիտարկվել և ընդունվել են նախագծային աշխատանքների մշակման համար մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում՝ մայթերի և փողոցների բարեկարգման, շենքերի ճակատների և կտուրների վերակառուցման, ինչպես նաև՝ կառուցապատման ճարտարապետական լուծումների և չափորոշիչների վերաբերյալ:
Քննարկման ժամանակ կարևորելով Ջերմուկը բարեկարգ և գրավիչ զբոսավայր դարձնելու հարցը՝ Ն. Սարգսյանն անդրադարձել է Ջերմուկի լճի հարակից հատվածների, հետիոտն ճեմուղիների կառուցման նախագծային խնդիրներին, ինչպես նաև՝ քաղաքում ժամանցի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնի տեղադրության և քաղաքային զբոսայգու բարեկարգման ու կանաչապատման թեմաներին:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կառավարության ղեկավարին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակում խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Ջերմուկում բնական տաք ջրերի փակ և բացօթյա լողավազանային համալիրով խոշոր ՍՊԱ կենտրոնի կառուցման հարցը:










