Ռուսաստանում ծննդկանի որովայնում սավանը մոռացած հայ գինեկոլոգին արգելել են բժշկությամբ զբաղվել 2.5 տարի (լուսանկարներ)
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի դատարանը գինեկոլոգ Մարիամ Առաքելյանին և բուժքույր Գալինա Շլոմինային դատապարտել է 2 տարվա ազատության սահմանափակման և արգելել բժշկությամբ զբաղվել 2.5 տարի:
Ինչպես նշում է kp.ru-ն, դատարանի որոշմամբ՝ նրանց արգելվում է դուրս գալ Պետերբուրգի սահմաններից: Բացի այդ, նրանք տուժածին՝ 35-ամյա Յուլյա Սելինային, պարտավոր են փոխհատուցել 380.000 ռուբլի:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածը 2015թ. նոյեմբերին իրականացված անհաջող կեսարյան հատումից հետո դեռևս բուժում է ստանում:
Հայտնի է, որ երեխային լույս աշխարհ բերելուց հետո Սելինան սուր ցավեր է զգացել որովայնի հատվածում: Բացի այդ, կեսարյան հատումից հետո նրա որովայնն անբնական ձևով փքված է եղել: Այնուհանդերձ՝ բժիշկները նրան դուրս են գրել՝ նշելով, որ կինն առողջական խնդիրներ չունի:
Դուրս գրվելուց 24 օր հետո Սելինան կրկին հայտնվել է վիրահատական սեղանին: Բժիշկները նրա որովայնից դուրս են բերել գինեկոլոգների մոռացած սավանը՝ 117X84 չափի:
Կնոջ որովայնը բացելուց հետո պարզվել է, որ սավանը մասնակիորեն ներաճել է ներքին օրգանների հետ: Վիրահատության ժամանակ Սելինայի որովայինց բժիշկները 2.5 լ թարախ են հանել:
Աղբյուրը նկատում է, որ գինեկոլոգ Առաքելյանը չի ընդունել իր մեղքը, իսկ նրա փաստաբանը խոստացել է բողոքարկել վճիռը: Առաքելյանի խոսքով՝ վիրահատությունից հետո ինքը ստուգել է կնոջ որովայնային խոռոչն ու այնտեղ սավան չի եղել: Նույնն է կրկնել նաև բուժքույրը:
Տուժածը՝ Յուլյա Սելինան

Գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը

Բուժքույր Գալինա Շլոմինան











