Թրամփը Մեծ Բրիտանիայում կայացած ընտրությունների արդյունքները «զարմանալի» է անվանել

12:00 • 10.06.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ վերջնական արդյունքներն իր համար անակնկալ էին, գրում է ria.ru-ն:

«Զարմանալի է»,-անցած ընտրությունները մեկնաբանելու վերաբերյալ լրագրողների հարցին հակիրճ պատասխանել է ԱՄՆ նախագահը՝ հրաժարվելով այլ բացատրություններից:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարած պահպանողական կուսակցությանը չի հաջողվել բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Ուստի՝ Մեյը հայտարարել է, որ մտադիր է կոալիցիա կազմել հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պահպանողականները ստացել են 318, լեյբորիստները՝ 262, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 35, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը՝ 10, Ուելսի կուսակցությունը՝ 3, կանաչները՝ 1 մանդատ: