Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

12:42 • 10.06.17

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 
Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության և համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը: 

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում գտնվող ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեսպանը նշել է, որ սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր բազմաբնույթ հաստատություններով: Սիրիահայերը երկրում լավ համբավ, ճանաչում և հեղինակություն ունեն:

«ՀՀ Նախագահի հանձնարարությամբ իրականացվող մարդասիրական օգնության նախաձեռնությունն էլ ավելի է ամրապնդում հայերի համբավն ու խթանում հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների զարգացումը»,- փաստել է դիվանագետը:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մնացած մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ և այլ քաղաքներ: