Բացահայտվել է «ՍԱՍ» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը. նա «ռաբիս» երգիչ է
Բացահայտվել են «ՍԱՍ» սուպերմարկետում հունիսի 30-ին կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը: Այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Պաշտոնապես կարող եմ ասել միայն հետևյալը, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է «ՍԱՍ» սուպերմարկետում հունիսի 30-ին կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ,ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՍԱՍ» Սուպերմարկետների ցանցի խանութներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:
Tert.am-ի տեղեկություններով՝ հարձակում իրականացնող անձը «ռաբիս» ժանրի կատարող Վարդան Եղիազարյանն է:









