Մինչև Եվրոպական դատարան գնալու ենք․ Բաքվում բանտարկված Մարատ Գալուստյանի քրոջ խոսքով՝ վերաքննիչ դատարանը եղբոր գործով վճիռը չի փոխել
Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով վճիռը՝ ութ տարի ազատազրկում, վերաքննիչ դատարանը չի փոխել․ այս մասին Tert.am-ին հայտնեց Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:
Նա պատմեց, որ վերաքննիչ դատարանը եղբոր գործը երեկ՝ օգոստոսի 28-ին է քննել: «Մենք շարունակելու ենք պայքարել, չենք հանձնվելու: Մեր հաջորդ քայլը լինելու է դատարանի վճիռը Գերագույն դատարանում բողոքարկելը: Մինչև Եվրոպական դատարան գնալու ենք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ էր պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:
2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:










