Վարդան Օսկանյանի որդու դեմ հարուցված քրեական գործը կարճվել է
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Գործը ձգվում էր փետրվարից. երկար տևեց,մինչև այսօր գրավոր որոշումը դեռ չեմ ստացել, քննիչից ենք տեղեկացել՝ այցելության ժամանակ: Բայց ի սկզբանե պարզ էր, որ իմ պաշտպանյալը հանցանք չի գործել, նրա դեմ հանցակազմ չկար, նրա դեմ ցուցմունք տվողի թյուրմիացության արդյունք էր, հանդիպել են զրուցելու նպատակով, երևի վախեցել է, ասել է, թե իրեն առևանգել են, սպառնացել»,-շեշտեց Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանն, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։










