Սիրիայում ականազերծմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության դիմաց ՌԴ-ից ստացածներս անհամարժեք է․ Ստյոպա Սաֆարյան

10:52 • 29.08.17

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ նորություն չէ, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային կոալիցիայի կազմում Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանել:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ դեռ նախորդ տարի Հայաստանը ցանկություն հայտնեց ռուսական կոալիցիայի կազմում ականազերծման աշխատանքներ տանել Սիրիայի Պալմիրա քաղաքում: «Ռուսաստանին առավել շատ երկրների անուններ են պետք, որ ինքը ահաբեկչության դեմ պայքար է մղում և նրա ձևավորած միջազգային կոալիցիան կարող է պայքարել»,- նշեց նա:

Ստյոպա Սաֆարյանը նաև հիշատակեց, որ նախորդ տարի Երևանում ՀԱՊԿ  նիստի հռչակագրում բավականին ծավալուն մաս էր հատկացված Սիրիայի ճգնաժամին, որում կար մաս, ըստ որի` ՀԱՊԿ անդամ երկրները պետք է սատարեին Սիրիայում «ռուսական արշավը»:

Նշենք, որ զրույցի առիթը Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովի հայտարարությունն էր, ըստ որի՝ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:

«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է», - ռուսաստանյան պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 25-ին ասել է Նովիկովը՝ Մոսկվայում կայացած «Армия-2017» միջազգային ֆորումի ժամանակ:

Ստյոպա Սաֆարյանի կարծիք հայտնեց, որ գուցե Ռուսաստանը վերհիշել է նախկին համագործակցության մասին ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների լարվածության պատճառով: «Ռուսաստանը մտածում էր, որ Թրամփը կվերանայի նախկին վարչակազմի քաղաքականությունն իր նկատմամբ, Սիրիայում Ռուսաստանի հետ կլինի և այլն: Բայց, քանի որ Սիրիայում էլ ԱՄՆ-ը չի ցանկանում ուժեղացնել ռուսական գործոնը, որտեղ այն բավականին ուժեղ է, Ռուսաստանին ոչինչ չի մնում, քան իր գլխավորությամբ ևս մի միջազգային կոալիցիա, միջազգային դաշինք ստեղծել Սիրիայում և այնտեղ էլ Հայաստանն իր մասնակցությունն ունենա»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի՝ ո՞րն է Հայաստանի շահը, որ Սիրիայում ականազերծման աշխատանքներին ռուսական կոալիցիայի կազմում է մասնակցում, Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց,  որ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ անդամ երկրներն անընդհատ հապաղում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելու հարցում: «Ռուսական կողմը հայկական կողմի այդ ցանկությունն է բավարարել և որպես «բարտեր» ստացել է Սիրիայում ականազերծմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը»,- նշեց նա:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ գործարքում Հայաստանն ավելի քիչ բան է ստանում, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Արցախի մասին Ռուսաստանի «տված» հայտարարությունը ընդամենը թղթի մի կտոր է, որն Ադրբեջանի վրա ոչ մի ազդեցություն չի գործում: «Իսկ ձեռք բերված համաձայնության շնորհիվ Սիրիայում ռեալ ականազերծողներ են մասնակցելու գործընթացին: Այնպես որ, ստացածներս անհամարժեք է, և այս կտրվածքով Ռուսաստանը պարտավոր է ավելին տալ Հայաստանին»,- նշեց Սաֆարյանը:

Վերլուծաբանը նշեց նաև, որ Հայաստանի համար, իհարկե, ռիսկ է Ռուսաստանի հետ մասնակցել որևէ գործընթացի, անգամ ահաբեկիչներից քաղաքներ ազատագրելուն կամ ականազերծման աշխատանքներ տանելուն: «Ռուսաստանի քաղաքականությունն այն աստիճան մերժելի է աշխարհի համար, որ նրանք անգամ չեն ցանկանում նույնիսկ այն դրականը, որ կարող է նա անել Սիրիայում: Չեն ցանկանում, քանի որ հրաշալի գիտեն, որ Ռուսաստանը դրանից ավելի է ագրեսիվանում այլ տարածաշրջաններում, հատկապես Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում և Հարավային Կովկասում»,- նշեց նա: