Թրամփն ասուլիսի ժամանակ շփոթել է շիկահեր ֆինն լրագրողներին և հայտնվել զվարճալի իրավիճակում (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է երկու շիկահեր թղթակցի: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Մամուլի ասուլիսի համապատասխան հատվածը հրապարակվել է YouTube-ի CasonVids ալիքում:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարցերի շարքի ժամանակ Թրամփը մտածել է, թե Նիինիստոն ցանկանում է խոսք տալ թղթակցին, որն արդեն հարց է տվել:
«Նորի՞ց: Դուք նորի՞ց խոսք կտաք նրան», - հարցրել է Թրամփը:
«Ոչ, սա ուրիշ աղջիկ է», - պատասխանել է Նիինիստոն:
«Մեզ մոտ Ֆինլանդիայում շատ շիկահերներ կան», - ասել է թղթակիցը:
Աղբյուրը նշում է, որ իրավիճակը ծիծաղ է առաջացրել սրահում: Մամուլի ասուլիսին ներկա թղթակիցներից մեկն իր Twitter-ի էջում հրապարակել է Թրամփի շփոթմունքն առաջացրած լուսանկարը, որում պատկերված են երկու շիկահեր թղթակիցները՝ նշելով, որ նրանք նման չեն իրար:










