ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների տեսքով ճնշման ռեսուրսը սպառվել է. ՌԴ ԱԳՆ
Կարելի է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների տեսքով նոր ճնշման սպասել, բայց նմանատիպ ճնշման ռեսուրսը սպառված է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով:
«Եթե դատենք՝ ելնելով նրանից, թե ինչպես են նման իրավիճակներում գործել ԱՄՆ-ից և այլ երկրներից գործընկերները, ԱՄՆ-ի դաշնակիցները, իհարկե, կարելի է պատժամիջոցների ռեժիմի ուժեղացման ուղղությամբ նոր քայլերի սպասել: Բայց դա չի լուծի խնդիրը: Արդեն բոլորին ակնհայտ է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների միջոցով ճնշման ռեսուրսը սպառվել է»,- ասել է ռուս դիվանագետը:
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստն անցկացնելու է երեքշաբթի երեկոյան:
Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում: Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:
Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը:










