Հրվ. Կորեան, ի պատասխան Հս. Կորեայի քայլերի, նոր բալիստիկ հրթիռների փորձարկման տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Կորեայի Հանրապետությունը երեքշաբթի իր զինվորականների կողմից իրականացված արդիականացված բալիստիկ հրթիռների փորձարկումների տեսանյութ է հրապարակել, գրում է ТАСС-ը:
Պաշտպանական զարգացման հարցերով գործակալության կայքում հրապարակված տեսանյութում ցուցադրվել է 500 և 800 կիլոմետր գործողության շառավղով հրթիռների արձակման ընթացքը, դրանց թռիչքը և ցամաքում ու ծովում թիրախների խոցումը:
«Փորձարկումները կայացել են անցած շաբաթ և վերջինն են դարձել այդ հրթիռները սպառազինության ընդունելուց առաջ»,- նշված է գործակալության հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ փորձարկումը կայացել է օգոստոսի 24-ին:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ սպառազինության այդ տեսակը հարձակման դեպքում ԿԺԴՀ-ի ուղղությամբ պատասխան հարված հասցնելու սխեմայի առանցքային բաղադրիչը կդառնա:
Երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով:
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստն անցկացնելու է երեքշաբթի երեկոյան:










