Մենք և մեր երեխաներն արդեն իմունիտետ ունենք, «Նաիրիտի» ծուխը մեզ ոչինչ չի արել. հարակից տարածքի բնակիչ (տեսանյութ)

17:38 • 29.08.17

Մենք և մեր երեխաներն արդեն իմունիտետ ունենք, «Նաիրիտի» ծուխը մեզ ոչինչ չի արել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանին հարակից Բագրատունյաց 51 շենքի բնակիչներից մեկը:

«Միշտ նույն է եղել, այդ ծուխն էլ է եղել, հոտն էլ է եղել: Մեր երեխաները թունավորված են և ադապտացվել են այդ օդին ու հոտին»,- ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ քիմիական գործարանի հրդեհից հետո իրենց համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, քանի որ քամին հակառակ ուղղությամբ է եղել և արտանետվող սև ծուխը շենքի ուղղությամբ չի եկել:

Նրա տեղեկացմամբ՝ երեկ երեկոյան դիմացի շենք շտապօգնության երկու մեքենա է եկել, բայց չգիտի՝ դա «Նաիրիտ» գործարանի հրդեհի հե՞տ էր կապված, թե ոչ:

Նշենք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Tert.am-ին հայտնել էր, որ «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներից Շտապ օգնություն չեն դիմել, ծխի ազդեցությամբ պայմանավորված կանչեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» գործարանում։ Դեպքի վայրում աշխատել են մեկ տասնյակից ավելի մարտական հաշվարկներ։ Բնապահպանության նախարարությունից օրվա վերջում հայտարարել էին, որ «Նաիրիտի» հրդեհից օդի աղտոտվածության գերազանցումներն առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում: