Նախկին նիստի միջադեպով քրգործ է հարուցվել, հորդորում եմ չխախտել կարգ ու կանոնը. լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատավոր
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Դատական նիստը մեկնարկեց ուշացմամբ դատավարության մասնակիցների՝ դատարան ուշ ներկայանալու պատճառով։
Նիստի մեկնարկին դատավորն ասաց, որ օգոստոսի 1-ին դատարանում գրանցված միջադեպի մասով քրեական գործ է հարուցվել։
«Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, նիստի մասնակիցներին հորդորում եմ չխախտել կարգ ու կանոնը, կարգը խախտողները կհեռացվեն նիստերի դահլիճից»,-հայտարարեց նա։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվում է գործով տուժող Էմմա Աբրահամյանը, ով մահացած Եղիշե Խաչատրյանի մայր է։ Նա պատասխանում է ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի դատական նիստին ամբաստանյալների և տուժողների կողմնակիցները վիճեցին, ինչին հաջորդեցին հայհոյանքներն ու ծեծկռտուքը։
Նշենք, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:










