Ռուս ոստիկաններն անօրինական կերպով են սպասեցրել ՀՀ քաղաքացիների տեղափոխող ավտոբուսը, հայտնաբերված օղին թույլատրելի քանակով է եղել. սպասարկող ընկերության ներկայացուցիչ
Օգոստոսի 27-ին Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող ավտոբուսը իր 49 ուղևորներով 12 ժամ կանգնած է մնացել Ռուսաստանի Ներքին գործերի վարչության շենքի դիմաց՝ ուղևորներից մեկի կողմից Ռուսաստան տարվող օղու պատճառով: Ի վերջո, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջամտությամբ ավտոբուսը շարունակել է ճանապարհը:
Այս մասին Tert.am–ին հայտնեց ուղևորափոխադրումն իրականացնող «Ավազառ» ընկերության ներկայացուցիչը:
«Ավտոբուսն անցած է եղել անցակետերը, ավտոբուսի մեջ եղել է 40 լիտր ծիրանի օղի, որը որ ուղևորներից մեկինն է եղել, ինչ-որ իրենք կասկածել են, որ դա օղի չէ: Ամեն դեպքում, դա թույլատրելի քանակով օղի է եղել, որը որ բոլոր մնացած անցակետերով՝ Լարսով անցել է: Ու Ուրբանսկի շրջանի քաղաք Նարկալայում Ռուսաստանի ներքին բաժինը լրիվ անօրինական ձևի մեքենան 10-12 ժամ պահել ա, ոչ օղին է առգրավվել, ոչ ավտոբուսն է թողել շարժվի: Մինչև որ մեր, Արտաքին գործերի նախարարության միջամտությամբ մեքենան թողել են, օղին ուղարկել են փորձաքննության»,-ասաց տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը:
Նա նշեց, որ ուղևորները պատմել են, որ ռուս ոստիկաններն իրենց շատ վատ ու անհարգալից են պահել՝ անօրինական պահելով ՀՀ քաղաքացիներով ավտոբուսը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Ավազառ» տրանսպորտային ընկերության ավտոբուսի վարորդին են Վլադիկավկազում ձերբակալել են, ինչպես նաև այն, որ տարեցներն ու երեխաները սնունդ չունեն, իսկ մի կնոջ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Ավազառ» ընկերության ներկայացուցիչը հայտնեց, թե ոչ ոք չի «վատացել», ուղևորները միտումնավոր են արել՝ արագացնելու համար իրենց Ռուսաստան մեկնելը:
Նշեք, որ ուղևորներին 12 ժամ պահելու պատճառ դարձած օղին ուղարկվել է փորձաքննության:










