«Նաիրիտի» հրդեհն ավելի շուտ ծագեց, քան այն միջոցառումը, որ պիտի իրականացվեր. Վրեժ Գաբրիելյան

15:52 • 29.08.17

Խորհրդային տարիներին, երբ քլորոպրենի արտադրությունն ակտիվ էր, «Նաիրիտը» լրիվ թափով աշխատում էր, նույնիսկ արտադրական թափոններն օգտագործում էին մեկ այլ երկրում՝ այլ նպատակով. այս էթինոլը, որ ստացվում է քլորոպրենի արտադրությունից, օգտագործվում էր Խորհրդային Միության նավաշինական արդյունաբերության մեջ՝ որպես նավերն արագ հերմետիկացնող նյութ: Այս մասին ասել է ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով «Նաիրիտում» բռնկված քիմիական նյութին:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո շարունակվում էր քլորոպրենի արտադրությունը, բայց արտահանում չկար, «Նաիրիտն» էլ չուներ հատուկ պահեստներ էթինոլի երկարատև պահպանման համար: Միջանցիկ պահեստարաններ էին, խորհրդային տարիներին ժամանակավորապես էթինոլը լցնում էին այդ տարաների մեջ, հետո երկաթուղային տրանսպորտով փոխադրում Ռուսաստան:

ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալի տվյալներով՝ օգտագործվող 13 տարայից 4-ը բետոնապատ է, 9-ը՝ մետաղական: Այդ 13 տարայի մեջ այսօր տեղակայված է 1025 տոննա էթինոլ՝ քարացած և 497 տոննա՝ հեղուկ վիճակում: Այդ 4 բետոնապատ տարայի պարունակությունն է բռնկվել, դրանցից ամեն մեկը 100 խմ տարողություն ունի, ընդհանուր 200 խմ էթինոլ է այրվել:

«Հեղուկ վիճակում նյութն ավելի անվտանգ է, քան պինդ վիճակում: Շատ ջրիկ չէ, մեղրածոր է: Ջրային զանգված կա իր մեջ և թույլ չի տալիս շուտ բռնկվել: Իսկ կոշտացած վիճակում ինքնաբռնկվող նյութ է, արագ ինքնաբռնկվում է: Հրդեհաշիջումը դեռ չի ավարտվել, բայց մեկուսացվել է: 109 փրկարար, 11 հիմնական հրդեհաշիջման հրշեջ մեքենաները՝ իրենց մարտական հաշվարկներով, մեկ հատուկ հրշեջ մեքենա իրականացնում են հրդեհի մեկուսացման և շիջման աշխատանքներ: Էթինոլի մյուս տարաների համար տարվում է նաև հովացման աշխատանք, որ հանկարծ չբռնկվեն»,-տեղեկացրել է գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Նա ասել է, որ աշխատանքային խումբ կա ստեղծված, որը մշակում է առաջարկներ «Նաիրիտի» տարաների, որոշ նյութերի մեկուսացման շուրջ: Անկախ նրանից, թե «Նաիրիտն» ինչ ճակատագիր կունենա, խումբը քայլեր է ձեռնարկում, որ կարողանա անվտանգությունն ապահովել:

«Մենք նույնիսկ առաջարկություն ենք պատրաստել, որ, կարելի է, օրինակ՝ գետինը փորել և այդ հորիզոնական դիրքում գտնվող տարաները դնել, այնտեղ համապատասխան պայմաններ ստեղծել և բետոնապատել, որ հետագայում խնդիր չառաջանա: Հնարավոր է՝ հրդեհն ավելի շուտ ծագեց, քան այն միջոցառումը, որ պիտի իրականացվեր: Այն, որ մոտեցումներ կան արդեն, պետք է որոշումներ ընդունվեին, միանշանակ է»,-ասել է ՓԾ տնօրենի տեղակալը: