Մանրամասներ են հաղորդվել Կիևում ռուս լրագրողուհու առևանգման մասին
Ռուսական «Առաջին ալիքի» լրագրողուհի Աննա Կուրբատովային կարող էին առևանգել Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առաջին ալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհին:
Հեռուստաընկերությունից հայտնել են, որ նախկինի պես չեն կարողանում կապ հաստատել իրենց աշխատակցուհու հետ: «Մեր գործընկերուհուն տնից ոչ հեռու կանգնեցրել են անհայտ մարդիկ, նստեցրել մեքենան և տարել: Մեր տվյալներով՝ նրան ձերբակալել են Անվտանգության ծառայության աշխատակիցները», - ներկայացրել է հաղորդավարուհին:
Նշվում է նաև, որ նախօրեին Կուրբատովան ռեպորտաժ է ներկայացրել Ուկրաինայում լրագրողների հալածանքի վերաբերյալ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ օրեր առաջ լրագրողուհուն ներառել են ուկրաինական «Միրոտվորեց» կայքում, որի տվյալների բազայում պահվում են երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը սպառնող գործունեություն իրականացնող անձանց անունները:
Life.ru-ի տվյալներով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում, մեկնաբանելով լրագրողուհու առևանգման մասին տեղեկությունը, նշել են, որ «ամեն ինչ տեղի է ունենում օրենքի սահմաններում»:










