Ո՞վ պետք է տուգանի քաղաքացուն, երբ նա փողոցում աղբ է նետում, մեխանիզմը պարզ չէ. Կարեն Չիլինգարյան (տեսանյութ)

12:47 • 30.08.17

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրին: Մասնավորապես՝ աղբ նետելու համար տուգանք սահմանելու վերաբերյալ նա ասաց, որ դրան համաձայն է, քանի որ դա ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է:

«Արդյունքում մեր քաղաքը կմաքրվի, ամեն քայլափոխի չենք տեսնի, որ ծխախոտը, թուղթը նետում են գետնին։ Ցանկացած գործունեության դեպքում, երբ գրպանին կպնում ես, աշխատում է»,-ասաց նա:

Չնայած դրան նա նշեց, որ տուգանելու մեխանիզմը պարզ չէ:

«Օրինակ, նշվում է, թե ուղևորը եթե աղբ է նետում մեքենայից, ապա հենց ինքն էլ տուգանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչպես է իրականացվելու, ինչպես են գտնելու ուղևորին, եթե նա ասաց, որ գումար, փաստաթուղթ չունի: Կամ փողոցում, որ քաղաքացին աղբ նետեց, ո՞վ պետք է տուգանի նրան: Ես համաձայն եմ, որ լինի տուգանք, բայց այնպես չլինի, որ տուժի անմեղ մարդը և կոռուպցիայի առիթ տա»,-ասաց նա:

Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ ներկայումս աղբահանությունը շատ վատ վիճակում է, և երբ «Սանիտեք»-ը եկավ, ինչ-որ առումով լավացավ, սակայն գնալով կրկին վատանում է: