Քարդաշյան ընտանիքը 500.000 դոլար կնվիրաբերի Հյուսթոնում փոթորկից տուժածներին

10:16 • 30.08.17

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իրենց ընտանիքը 500.000 դոլար կնվիրաբերի ԱՄՆ Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին օգնելու համար։ Այդ մասին հայազգի աստղը գրել է Twitter-ի իր էջում: 

Քիմը նշել է, որ նա, իր մայրն ու քույրերը պատրաստ են կես միլիոն դոլար նվիրաբերել տուժածներին աջակցելու համար և նշել, որ իրենք աղոթում են Հյուսթոնի համար:

Հեռուստաաստղը հայտնել է, որ նվիրաբերած գումարը կփոխանցվի Կարմիր խաչին և ԱՄՆ «Փրկության բանակ» կազմակերպությանը։


Ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 30-ի։ Հյուսթոն քաղաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել ջրհեղեղի հետ կապված, այն կգործի այնքան, մինչև դրա կարիքն այլևս չլինի, նշել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:

«Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատրին» փոթորկից հետո: «Հարվիի» հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել: