Սեպտեմբերին ակտիվանում է հիպերտոնիկ ճգնաժամը, հոկտեմբերին՝ ռևմատիզմը, նոյեմբերին՝ ինֆարկտները և ինսուլտները. սրտաբան (տեսանյութ)

13:44 • 30.08.17

Սրտաբան Մարինե Օրդյանը և հոգեբան Աննա Բադալյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան հետարձակուրդային սթրեսին և եղանակային անցումային շրջանին:

Աննա Բադալյանը նշեց, որ հանգիստը թեև անհրաժեշտ է, սակայն կարևոր է բիոռիթմը, այսինքն՝ հանգիստ ընտրելիս պետք է հաշվի առնել անձի հոգեբանական տեսակը, որով պայմանավորված՝ հանգիստը կարող է դառնալ հրաշալի և հակառակը:

«Աշխատանքի ռիթմին արագ վերադառնալու հարցը ևս կապված է անձի տեսակի հետ, թե արդյո՞ք մարդ կարողանում է արագ ադապտացվել, թե ոչ»,-ասաց նա:

Նա նշեց, որ սթրեսների վերացման քայլերը մանրուքներից են սկսվում, կարևոր է՝ ինքդ քեզ գնահատել, գտնել փոքրիկ նրբություններ։

Ինչ վերաբերում է եղանակային անցումային շրջանին, ապա նա ասաց. «Աշունը դեպրեսիա չէ, այլ հակառակը՝ լի է գույներով, տրամադրություններով: Աշունը հայի համար բերքի, բարիքի շրջան է, Հայաստանի շունչը հրաշալի է, և այն չի կարող բերել դեպրեսիայի»:

Սրտաբանը ևս համամիտ է աշնան վերաբերյալ ասվածների հետ, սակայն նշեց, որ գոյություն ունի հետարձակուրդային սթրես, երբ մարդկանց մոտ լինում է տրամադրության անկում, դեպրեսիաներ:

«Սեպտեմբեր ամսին մեծանում է հիպերտոնիկ կրիզիսի՝ ճնշման բարձրացման ռիսկը, հոկտեմբերին՝ ռևմատիզմը, որը կապված է արևային ժամանակի պակասի հետ, իսկ նոյեմբերին ՝սրտամկանային ինֆարկտները և ինսուլտները: Աշնանը նկատվում է նաև վիրուսային հիվանդությունների աճ, և թոքերի բորբոքումը ավելի ծանր է ընթանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հետարձակուրդային համախտանիշին, ապա նա հայտնեց, որ ապացուցված է, որ եթե 3 շաբաթից քիչ է արձակուրդը, ապա անձը չի կարող լիարժեք հանգստանալ, իսկ և եթե երեք շաբաթից ավելի է, ապա հետո դժվար է վերադառնալ աշխատանքի: Բացի այդ, նա նշեց, որ խորհուրդ է տրվում առաջին շաբաթը աշխատել ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ, այլ թեթև գրաֆիկով: