Ford-ը և Domino's Pizza-ն ցանկանում են պիցցայի առաքում սկսել ինքնագնաց մեքենաներով
Ամերիկյան Ford Motor Co ավտոարտադրողն ու Domino's Pizza պիցերիաների ցանցը մտադիր են ինքնագնաց ավտոմեքենաներով պիցցայի առաքում փորձարկել: Life.ru-ի հաղորդմամբ՝ փորձարկումը կսկսվի 2017-ի սեպտեմբերին:
Առաջին փուլում արտասովոր ծառայությունից կկարողանան օգտվել միայն Միչիգան նահանգի Էն-Արբոր քաղաքի բնակիչները: Գործընկերները հաճախորդներին կընտրեն պատահական սկզբունքով և պիցցա կառաքեն Ford Fusion Hybrid մեքենաներով, որոնք համալրված են ավտոպիլոտ համակարգով:
Domino's Pizza-ի ներկայացուցիչները նշում են, որ մեքենաները պիցցան մինչև դռան մոտ չեն հասցնի, այլ կկանգնեն հաճախորդի տնից 15 մետր հեռավորությամբ: Առաքման գործընթացին կարելի է հետևել պիցերիայի կայքում GPS համակարգի օգնությամբ:
Երբ ավտոմեքենան հասնի առաքման վայր, հաճախորդը հաղորդագրություն կստանա, նա պետք է բացի հատուկ տաքացվող հատվածը՝ պատվերի ձևակերպման ժամանակ ստացած ծածկագրի միջոցով:










