Չելյաբինսկում 36-ամյա հայ գործարար է սպանվել

12:22 • 30.08.17

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը հայ ձեռնարկատիրոջ է սպանել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովին:


Նրա խոսքով՝ նախօրեին երեկոյան «Ստրոիտելի» փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմին՝ հրազենային վնասվածքներով:


«Այժմ պարզվում է կասկածյալի ինքնությունը, և իրականացվում է հետախուզում»,- ասել է Շիշկովը:


Ինչպես լրատվամիջոցին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը՝ օգոստոսի 29-ին ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը մոտեցել է իր տանը և ուղղվել դեպի մուտք:


«Այդ պահին նրան անհայտ անձ է մոտեցել: Ականատեսների խոսքերով՝ տղամարդկանց միջև բարձր տոնով կարճատև զրույց է տեղի ունեցել: Այնուհետև անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակ բացել՝ արձակելով առնվազն 10 փամփուշտ»,- պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը:


Ստացած վնասվածքներից Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը հեռացել դեպքի վայրից:


Հիմնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը եղել է բիզնեսի պատճառով առաջացած կոնֆլիկտը: Զոհը և մարդասպանը նախկինում ծանոթ են եղել: Ստուգվում են նաև այլ հնարավոր վարկածներ, հստակեցրել է lenta.ru-ի աղբյուրը:


ԶԼՄ-ների տվյալներով՝ Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայկական համայնքի ղեկավարներից է եղել: