Թուրքիան ու Իրանը պետք է դադարեն միջամտել սիրիական հիմնախնդրին. ԱՄԷ-ի ԱԳՆ

11:12 • 30.08.17

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բեն Զայեդ ալ Նահայանը հայտարարել է, որ Թուրքիան ու Իրանը պետք է դադարեն միջամտել սիրիական հիմնախնդրին։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Ըստ նրա՝ Թուրքիան ու Իրանը մրցում են իրար հետ Սիրիայի տարածքում, և եթե չդադարեցնեն դա՝ Սիրիայում տեղի ունեցածն աշխարհը շատ շուտով կարող է տեսնել նաև այլ երկրներում:

Ալ Նահայանը նաև մեղադրել է Թուրքիային և Իրանին Սիրիայի պետականությունը թուլացնել փորձելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից։