Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին. Վրաստանի ՊՆ

15:29 • 03.09.17

Այսօր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցի, վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»:

Նա ասաց, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը։

Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցիխեում, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը: 

Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով: 

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել զորավարժություններին չմասնակցելու որոշումը։