Ի՞նչ կկատարվի ամսական 150-180 մլն դոլար տրանսֆերտների հետ. Մ. Մելքումյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին (տեսանյութ)
Գործընկեր ցանկացած քաղաքական ուժի առաջ քաշած օրինագիծ արժանի է քննարկման: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի առաջարկին: Միաժամանակ Մելքումյանը նշեց, որ «Ելք»-ի նախագծի շրջանառության մեջ մտնելուն պես ինքը մի քանի հարցադրումներ կանի:
«Արդյոք կա՞ն համարժեք հիմնավորումներ առ այն, թե ինչ ռիսկեր կան: Օրինակ՝ քանի հարյուր հազար մարդ է աշխատում ՌԴ-ում, որոնք պրոբլեմներ կունենան անդամակցության կասեցումից հետո: Հարց է առաջանում նաև, թե ինչ կկատարվի ամսական 150-180 մլն դոլար տրանսֆերտների հետ: Նաև կան հարցեր մեր անվտանգության համակարգի հետ կապված»,- ասաց նա:
Մելքումյանն ընդգծեց, եթե «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկած օրինագծում հիմնավոր հարցեր տեսնի, ապա դրանք կքննարկվեն։
«Կքննարկենք այդ հարցը, բայց դա չի նշանակում՝ մեր մոտեցումը փոխում ենք։ Մենք կողմ ենք քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Կողմ ենք դրան, որովհետև հարցին համալիր պետք է նայել, մինչև չտեսնենք՝ ինչպես են գնահատվում ռիսկերը և ապագա ռիսկերն ինչպես են կառավարվելու, այդ հարցը դեռևս իր արդիականությունը չունի», - հավելեց Մելքումյանը։










