2018 թվականի վարչապետը պետք է մաքսիմալ օգտագործի մեր հնարավորություններն ու առավելությունները. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)
Տնտեսությունը մեծ համակարգ է, որտեղ փոփոխությունները մի քանի օրում կամ ամսում չեն երևում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքի արդյունքներին նա դեռևս սպասում է, թեև կարծում է, որ դրայվով աշխատում են:
Բոստանջյանը նկատեց, որ տնտեսությունը մեծ համակարգ է, որտեղ փոփոխությունները մի քանի օրում կամ ամսում չեն երևում: Պատգամավորը 2018 թվականի վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների մասին չխոսեց՝ պատճառաբանելով, թե իրենց կուսակցությունը ստացել է այնքան ձայն, որ իրենք կարող են առնվազն հարցեր ներկայացնել:
-Պարո՛ն Բոստանջյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է դրայվով աշխատել: Դուք կրթության, տնտեսության և այլ ոլորտում այդ դրայվը տեսե՞լ եք:
- Ես տեսնում եմ, որ իրենք փորձում են դրայվով աշխատել, իսկ արդյունքներին մենք սպասում ենք:
-Այսինքն՝ չե՞ք տեսել արդյունքը:
-Զարմանալի չէ մեր սպասողական վիճակը, քանի որ մենք գործ ունենք այնպիսի մեծ համակարգի հետ, ինչպիսին տնտեսությունն է: Այստեղ ցանկացած գործընթաց, քայլ վաղը չի երևում արդյունքում, դա երևում է որոշակի ժամանակ անց: Ամեն ինչ ինկուբացիա ունի, մասնավորապես, տնտեսությանը վերաբերող աճ կլինի, ներդրում, կայունության ապահովում և այլն: Այս բոլորը 2018 թվականի շեմին մենք կնկատենք:
- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը հայտարարել է, թե Կառավարության գործունեության արդյունքներն իրենց վրա զգում են նաև քաղաքացիները: Որպես ՀՀ քաղաքացի՝ Ձեր կյանքում շոշափելի փոփոխություն տեսնում եք:
- Ստացվել է այնպես, որ իմ եկամուտները համեմատաբար (մի փոքր) ավել են, որի պարագայում ես որևէ փոփոխություն չեմ տեսել:
-«Ծառուկյան դաշինքը» 2018 թվականի վարչապետի թեկնածության հարցում կողմնորոշվե՞լ է, օրինակ՝ Կարեն Կարապետյանին կցանկանաք տեսնել:
- Ես լիրիկական դաշտում չեմ ցանկանում խոսել: Մեր կուսակցությունը ստացել է այնքան ձայն, որ կարող է առնվազն հարցեր ներկայացնել: Հիմա դրանք մեծամասնությունը կընդունի՞, թե ոչ, այլ բան է: Նույնը վերաբերում է վարչապետին, քանի որ իրենք կորոշեն, ես ի՞նչ ասեմ: Հորս եմ տեսնում վարչապետի պաշտոնում, հետո՞ , պատկերացնելո՞վ է:
- Ձեր պատկերացրած վարչապետն ինչպիսի՞ն պետք է լինի, որ կարողանա նաև Ձեր բարձրացրած խնդիրներին լուծում տալ:
- Հայտնագործություն չէ, այնպիսի վարչապետ, որը մաքսիմալ մեր հնարավորությունները, մրցակցային առավելությունները կօգտագործի:
- Շեշտվում է, որ 2018 թվականի վարչապետը պետք է լուծի նաև անվտանգության հարցեր, որն այս պահին կարգավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դուք կցանկանա՞ք նախագահին տեսնել 2018 թվականի վարչապետի պաշտոնում:
-Այս պահին մենք ոչինչ չենք որոշում. Ի՞նչ է նշանակում՝ կո՞ղմ եմ, թե՞ դեմ, ի՞նչ եք ուզում ինձանից լսել: Այս պահին իմ դիրքորոշումը բացարձակապես ոչինչ չի նշանակում:
ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» կոալիցիայի հնարավորության մասին՝ տեսանյութում:










