Ռուսական 9 խոշոր բանկ լքել է Գարեգին Թոսունյանի ղեկավարած Ռուսաստանի բանկերի ասոցիացիան

17:38 • 12.09.17

Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի խորհուրդը բավարարել է կազմակերպության կազմից ինը խոշոր բանկի դուրս գալու մասին դիմումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ասոցիացիայից դուրս են եկել «Сбербанк»-ը, «ВТБ»-ն, «ВТБ 24»-ը, «Газпромбанк»-ը, «Россельхозбанк»-ը, «Открытие» բանկը, «Альфа-банк»-ը, «Бинбанк»-ը և «БМ-Банк»–ը: Իրենց որոշման մասին նրանք հայտարարել էին դեռ հուլիսին:


Բանկերը դուրս գալու պատճառ են նշել ասոցիացիայի ղեկավարության ոչ բավարար աշխատանքը: Նրանց կարծիքով՝ ասոցիացիան հաշվի չի առնում իր անդամների շահերը, ինչպես նաև «կառուցողական երկխոսությունը փոխում է երկար ժամեր տևող ճառերով»: Վարկային կազմակերպությունների համատեղ հայտարարությունում ասվում է, որ ասոցիացիայի աշխատանքը խախտում է բանկերի միջև գործընկերային հարաբերությունները, խանգարում է նրանց կառուցողական փոխգործակցությանը և Կենտրոնական բանկի ու պետական մարմինների հետ համագործակցությանը:


Ավելի ուշ «Альфа-банк»-ում հայտարարել են, որ մի քանի վարկային կազմակերպություն կարող է ստեղծել նոր միավորում՝ որպես Ռուսաստանի բանկերի ասոցիացիային այլընտրանք: Սակայն այնուհետ հայտնի է դարձել, որ նրանք հրաժարվել են այդ գաղափարից՝ ի նպաստ «Ռոսիա» ասոցիացիայի ընդլայնման:


Նշենք, որ Ռուսաստանի բանկերի ասոցիացիան ղեկավարում է Գարեգին Թոսունյանը։